Grok 3-ի թողարկման թարմացումներ


Իլոն Մասքի xAI-ն ներկայացրել է Grok 3 մոդելների նոր շարքը, որը ներառում է GPT-4o-ի նման նախապես ուսուցանված մոդել, երկու տրամաբանական մոդել և ԱԲ-օգնական՝ Deep Search-ը։ Grok 3-ի պաշտոնական մեկնարկը երեկ էր՝ փետրվարի 17-ին․ այն աստիճանաբար հասանելի կդառնա բոլոր տարածաշրջանների համար։

Grok 3-ի աշխատանքն ապահովելու է xAI-ի Colossus գերսերվերը, որը ներառում է ավելի քան 100,000 Nvidia GPU-ժամ։ Այս հզոր սերվերը կառուցվել է ընդամենը ութ ամսվա ընթացքում։

Նոր, հզորացված մոդելն ուսուցանվել է սինթետիկ տվյալների հավաքածուներով, մեքենայական ուսուցման մեթոդներով՝ ներառյալ ամրապնդվող ուսուցումը:

Ամրապնդվող ուսուցումը համարվում է արդյունավետ մեթոդ՝ միտված նվազեցնելու ԱԲ մոդելների սխալ կամ հորինված պատասխանները, որոնք նաև հայտնի են որպես «հալյուցինացիաներ»։ Այս մեթոդը նաև էականորեն կրճատում է Մեծ Լեզվային Մոդելների (LLM-ների) ուսուցման ժամանակը։

Մասքը գովաբանել է իր նոր ԱԲ չատբոթն՝ անվանելով այն «սարսափելի խելացի» և հայտարարել, որ վերջինս գերազանցում է նախկինում թողարկված բոլոր մոդելներին։

«Սա կարող է լինել վերջին անգամը, երբ որևէ ԱԲ ավելի լավն է, քան Grok-ը»,- Մասքն ասել էր Դուբայում կայացած Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին՝ ընդգծելով նոր մոդելի առաջադեմ հնարավորությունները։ Ի դեպ, հաղորդվում է, որ Grok 3-ը կունենա տեքստից տեսանյութ ստեղծելու հնարավորություն նույնպես։

«Մենք պետք է ավելի քիչ գումար ծախսենք և ստանանք ավելի լավ արդյունքներ»,— հայտարարել էր Մասքն՝ ըստ ամենայնի ուղիղ հղում անելով ԱԲ ոլորտում համաշխարհային լայնածավալ կորպորատիվ վերափոխման հետ։

Այս նոր թողարկմամբ ակնկալվում է, որ առանց այն էլ լարված մրցակցությունը ԱԲ ոլորտում կդառնա ավելի թեժ։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

hy